Հայաստանը 2006-ից առանց ընդմիջման (բացառությամբ 2012-ը, երբ մրցույթն անցկացվեց Բաքվում) ներկայանում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Մեր մասնակիցները գրեթե ամեն տարի զբաղեցնում են պատվավոր հորիզոնականներ: 2016-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը գրավեց 7-րդ հորիզոնականը և «Եվրատեսիլի» համերգասրահի կանաչ սրահում ծածանեց Արցախի դրոշը: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց ՈՒկրաինայի ներկայացուցիչ Ջամալան` իր «1944» երգով: ՈՒկրաինայի մայրաքաղաք Կիևը երկրորդ անգամ հնարավորություն ունեցավ հյուրընկալելու հեղինակավոր մրցույթը: Հայաստանն այս տարի ներկայացնում է ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկ Հարությունյանը`«Fly with me» երգով:
Չնայած «Եվրատեսիլի» կազմակերպիչների խաղաղասիրական նկրտումներին` քաղաքական առկայծումներն անպակաս են այս մրցույթից:
ՈՒկրաինական իշխանությունները հայտարարեցին, որ ռուսաստանցի մասնակից Յուլյա Սամոյլովայի մուտքը ՈՒկրաինա արգելված է՝ կապված Ղրիմ այցելության հետ: Մամուլում լուրեր տարածվեցին, որ նույն պատճառով հնարավոր է արգելվի նաև հայաստանյան ներկայացուցչի մասնակցությունը: Ավելի ուշ պարզվեց, որ Արծվիկ Հարությունյանը երբեք Ղրիմ չի այցելել, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն էլ այս թեմայի վերաբերյալ որևէ պաշտոնական գրություն չի ստացել:
Դժվար է ասել, մեր երկրում «Եվրատեսիլի» երկրպագունե՞րն են շատ, թե՞ «Եվրատեսիլին» «ոչ» ասողները, բոլոր դեպքերում, եվրատեսիլյան դրույթներից, վարք ու բարքից, ներկայացվող երգերից ու քվեարկությունից գոհ ու դժգոհ մեր գրեթե բոլոր հայրենակիցները ուշի ուշով հետևում են մրցույթին` հուսով, որ Հայաստանի ներկայացուցիչը պատվով կներկայանա շոուին:
Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` ի՞նչ կարծիք ունի «Եվրատեսիլի» և ՈՒկրաինայի սահմանած արգելքների մասին: Մեր զրուցակիցը խուսափեց երևույթին քաղաքական գնահատական տալուց, պարզապես ընդգծեց, որ արվեստը պետք է հեռու լինի նմանատիպ հարցերից: «Ինչքան հեռու մշակույթից, այնքան մոտ քաղաքականությանը: Այստեղ արվեստ չկա: Չեմ կարծում, թե դասական երաժշտության լուրջ մրցույթների, կամ ջազ, ռոք, ֆոլկ փառատոների ժամանակ նման հարցեր մեջտեղ կգան: «Եվրատեսիլի» անցկացման, քվեարկության ձևը, իհարկե, զերծ չէ քաղաքական ենթատեքստից: Լինի այդ ենթատեքստը, թե ոչ, անձամբ ինձ, այդքան էլ չեն հետաքրքրում ոչ մրցույթը, ոչ մեր մասնակցությունը: Նարեկ Հախնազարյան, Սերգեյ Խաչատրյան, Տիգրան Համասյան` ավելի շուտ կհպարտանամ մեր այս կատարողներով, որովհետև համաշխարհային երևույթ են, ներկայացնում են բարձրագույն կատարողական մակարդակ իրական մշակույթի մեջ»:
Ռուբեն Բաբայանը, այնուհանդերձ, նկատեց, որ կա «մասսայական արվեստ» հասկացություն, և չի կարելի մարդկանց, հատկապես դեռահասներին, զրկել իրենց հետաքրքրությունից:
«Ափսոս չե՞ն շոուի վրա ծախսվող գումարները» հարցին ի պատասխան` ասաց. «Ափսոս են, իհարկե: Գումարը ծախսել մի բանի վրա, որն ունի մեկօրյա կյանք, անիմաստ է: Պետությունն ունի պարտավորություն լուրջ մշակույթի հանդեպ, լինի թատրոն, կինո, կերպարվեստ, գրականություն: «Մշակույթ» բառն ինքնին ենթադրում է երկար պրոցես` մշակել, հոգ տանել, մինչև տա իր ազնվական ծիլը: Ցավոք, մշակույթին այնքան ուշադրություն չեն դարձնում, որքան փիար ակցիաներին: Խոսքը արգելելու մասին չէ, այլ ճիշտ ընտրություն կատարելու, վերարժևորելու: Խոսքն այն մասին է, որ Էդինբուրգի փառատոնը շատ ավելի հեղինակավոր է, քան, ասենք, «Եվրատեսիլը»: Եթե գտնվեն հովանավորներ, խնդրեմ, դա էլ է պետք, բայց բացարձակապես չեմ կարծում, որ նման շոուները պետք է լինեն պետական առաջնահերթությունների շարքում»:
Ի վերջո, Ռուբեն Բաբայանի կարծիքով, յուրաքանչյուր երևույթի լրջությունը պայմանավորված է մեր վերաբերմունքով: Նրա խոսքով` եթե անլուրջ երևույթին լուրջ ես վերաբերվում` քեզ դնում ես ծիծաղելի վիճակի մեջ. «Մեր պետությունը պետք է խուսափի իրեն նման վիճակի մեջ դնելուց: Ավելին ասեմ, մենք ունենք լուրջ արվեստագետներ, որոնք աշխարհի հետ նույն լեզվով են խոսում, սրա՛ն է պետք ուշադրություն դարձնել: Իսկական արվեստն է, որ կարիք ունի հովանավորության: Մշտապես այդպես է եղել: Մեկենասների, հովանավորների ամբողջ ինստիտուտը ծնվել է հենց դրա համար: Իսկ որպեսզի բուրգի վերևում աստղը փայլի, բուրգը պետք է կառուցել: Պետք է լինի գրականություն, որի վերևում նստի Հրանտ Մաթևոսյանը»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ